ISO 9362
| Հիմնական թեմա | ISO 9362 SWIFT/BIC code | |
|---|---|---|
| Պաշտոնական կայք | iso9362.org | |
| Maintained by | Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպություն (SWIFT) | |
| Standards body | Ստանդարտացման միջազգային կազմակերպություն | |
ISO 9362, բիզնեսի նույնականացման կոդերի (անգլ.՝ Business Identifier Codes) միջազգային ստանդարտավորում։ Այն բիզնես հաստատությունների համար եզակի նույնականացուցիչ է՝ հաստատված Ստանդարտացման Միջազգային Կազմակերպության (անգլ.՝ International Organization for Standardization) կողմից[1][2]:
Բիզնեսի նույնականացման կոդը հայտնի է նաև որպես SWIFT-BIC, SWIFT ID կամ SWIFT կոդ՝ Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպության (SWIFT) անունով, որը ISO-ի կողմից նշանակվել է որպես բիզնեսի նույնականացման կոդերի գրանցման մարմին[3]: Կոդը սկզբնապես սահմանվել է որպես բանկի նույնականացման կոդ[4] և ամենից հաճախ նշանակվում է ֆինանսական կազմակերպություններին. երբ այն նշանակվում է ոչ ֆինանսական կազմակերպության, կոդը կարող է հայտնի լինել նաև որպես բիզնես միավորի նույնականացուցիչ: Այս կոդերը օգտագործվում են բանկերի միջև գումար փոխանցելիս, մասնավորապես միջազգային դրամական փոխանցումների, ինչպես նաև բանկերի միջև այլ հաղորդագրությունների փոխանակման համար: Կոդերը երբեմն կարելի է գտնել հաշվի քաղվածքներում:
ISO 9362-ի և ISO 13616-ի միջև համընկնման խնդիրը քննարկվում է Միջազգային բանկային հաշվեհամար (անգլ.՝ International Bank Account Number կամ IBAN) հոդվածում: SWIFT ցանցը գործարքի համար չի պահանջում որևէ հատուկ ձևաչափ, ուստի հաշիվների և գործարքների տեսակների նույնականացումը թողնվում է գործարքի կողմերի համաձայնությանը: Միասնական եվրո վճարումների տարածքի ստեղծման գործընթացում եվրոպական կենտրոնական բանկերը համաձայնության են եկել Միջազգային բանկային հաշվեհամարի և բիզնեսի նույնականացման կոդի վրա հիմնված ընդհանուր ձևաչափի շուրջ, որը ներառում է ստանդարտացված գործարքների համար XML-ի վրա հիմնված փոխանցման ձևաչափ: T2-ը (RTGS) Եվրոպական Միության համատեղ համախառն հաշվանցման համակարգ է, որը փոխանցման համար չի պահանջում SWIFT ցանց[5]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան հինգ տարբերակ․
- ISO 9362:1987, 1987 թվականից, հետ է կանչվել[6],
- ISO 9362:1994, 1994 թվականից, հետ է կանչվել[7],
- ISO 9362:2009, 2009 թվականից, հետ է կանչվել[8],
- ISO 9362:2014, 2014 թվականից, հետ է կանչվել[9],
- ISO 9362:2022, 2022 թվականից, վավեր է[10]:
ISO 9362-ը սահմանված է SWIFT-ի կողմից 1975 թվականի շուրջ ստեղծված արդյունաբերական ստանդարտի վրա։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]SWIFT կոդը բաղկացած է 8 կամ 11 նիշից, որոնք կազմված են հետևյալ հատվածներից[11].
- 4 տառ՝ ինստիտուտի կոդ կամ բանկի կոդ։
- 2 տառ՝ ISO 3166-1 ալֆա-2 երկրի կոդ (բացառությամբ, SWIFT-ը Կոսովոյի Հանրապետությանը տրամադրել է XK կոդը, որը չունի ISO 3166-1 երկրի կոդ)
- 2 տառ կամ թվանշան՝ գտնվելու վայրի կոդ
- եթե երկրորդ նիշը "0" է, ապա այն սովորաբար թեստային բիզնեսի նույնականացման կոդ է, ի տարբերություն գործող ցանցում օգտագործվող բիզնեսի նույնականացման կոդի․
- եթե երկրորդ նիշը "1" է, ապա այն նշանակում է SWIFT ցանցի պասիվ մասնակից։
- եթե երկրորդ նիշը "2" է, ապա այն սովորաբար ցույց է տալիս հակադարձ վճարման բիզնեսի նույնականացման կոդ, որտեղ հաղորդագրության համար վճարում է ստացողը, ի տարբերություն առավել տարածված եղանակի, երբ հաղորդագրության համար վճարում է ուղարկողը։
- 3 տառ կամ թվանշան՝ մասնաճյուղի կոդ, կամընտրական է ('XXX'՝ գլխավոր գրասենյակի համար)։
Երբ տրվում է ութանիշ կոդ, կարելի է ենթադրել, որ այն վերաբերում է գլխավոր գրասենյակին։
SWIFT ստանդարտները, որը Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության ընկերության ստորաբաժանումն է, զբաղվում է այս կոդերի գրանցմամբ։ Քանի որ SWIFT-ն ի սկզբանե ներդրել է այն, ինչը հետագայում ստանդարտացվել է որպես բիզնեսի նույնականացման կոդեր, դրանք դեռ հաճախ անվանում են SWIFT հասցեներ կամ կոդեր։
ISO 9362-ի 2009 թվականի թարմացումը ընդլայնեց շրջանակը՝ ներառելով ոչ ֆինանսական հաստատությունները. մինչ այդ BIC-ը սովորաբար ընկալվում էր որպես Բանկի նույնականացման կոդի հապավում։
Գոյություն ունի ավելի քան 7500 "գործող" կոդ (SWIFT ցանցին ակտիվորեն միացված գործընկերների համար) և մոտավորապես 10000 լրացուցիչ բիզնեսի նույնականացման կոդեր, որոնք կարող են օգտագործվել ձեռքով գործարքների համար։
Օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Deutsche Bank-ը միջազգային բանկ է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում։ Դրա հիմնական գրասենյակի SWIFT կոդն է DEUTDEFF[12]․
- DEUT՝ ներկայացնում է Deutsche Bank-ը,
- DE՝ Գերմանիայի կոդն է,
- FF՝ Ֆրանկֆուրտի կոդն է։
Deutsche Bank-ը օգտագործում է 11 նիշից բաղկացած երկարացված կոդեր և որոշ մասնաճյուղերի կամ մշակումների բաժինների համար նշանակում է առանձին երկարացված կոդեր։ Սա թույլ է տալիս վճարումը ուղարկել կոնկրետ գրասենյակ։ Օրինակ՝ DEUTDEFF500 նշանակում է Deutsche Bank-ի մասնաճյուղ Բադ Հոմբուրգում։
Nedbank-ը հարավաֆրիկյան բանկ է, որի գլխամասը գտնվում է Յոհաննեսբուրգում։ Դրա հիմնական գրասենյակի SWIFT կոդն է NEDSZAJJ[13]․
- NEDS՝ ներկայացնում է Nedbank-ը,
- ZA՝ Հարավային Աֆրիկայի կոդն է,
- JJ՝ Յոհաննեսբուրգի կոդն է։
Nedbank-ը չի օգտագործում 11 նիշանոց երկարացված կոդ, և բոլոր SWIFT փոխանցումները ուղարկվում են հիմնական գրասենյակ՝ մշակումների համար։ Այն փոխանցման ինտերֆեյսների դեպքում, որոնք պահանջում են 11 նիշանոց կոդ, պետք է օգտագործել NEDSZAJJXXX։
Danske Bank-ը դանիական բանկ է, որի գլխամասը Կոպենհագենում է։ Դրա հիմնական գրասենյակի SWIFT կոդն է DABADKKK[14]․
- DABA՝ ներկայացնում է Danske Bank-ը,
- DK՝ Դանիայի կոդն է,
- KK՝ Կոպենհագենի կոդն է։
UniCredit Banca-ն իտալական բանկ է, որի գլխամասը Միլանում է։ Դրա հիմնական գրասենյակի SWIFT կոդն է UNCRITMM[15]․
- UNCR՝ ներկայացնում է UniCredit Banca-ն,
- IT՝ Իտալիայի կոդն է,
- MM՝ Միլանի կոդն է։
Dah Sing Bank-ը Հոնկոնգում հիմնված բանկ է, որը և ունի հինգ մասնաճյուղ մայրցամաքային Չինաստանում (հիմնական մասնաճյուղը՝ Շենժենում)։ Շանհայի մասնաճյուղի SWIFT կոդն է DSBACNBXSHA[16]․
- DSBA՝ ներկայացնում է Dah Sing Bank-ը,
- CN՝ Չինաստանի կոդն է,
- BXSHA՝ Շանհայի կոդն է։
Այն օգտագործում է 11 նիշանոց երկարացված կոդ, իսկ SHA-ն ցույց է տալիս Շանհայի մասնաճյուղը։
BDO Unibank-ը ամենամեծ բանկն է Ֆիլիպիններում, իսկ գլխամասը Մակատիում է[17]։ Բանկի SWIFT կոդն է BNORPHMM։ BDO-ի բոլոր մասնաճյուղերն ունեն նույն SWIFT կոդը։
- BNOR՝ ներկայացնում է BDO Unibank-ը,
- PH՝ Ֆիլիպինների կոդն է,
- MM՝ Մանիլայի մետրոյի կոդն է, որի մի մասն է Մակատին։
Անցյալում SEPA կամ եվրոյով վճարումների միասնական տարածքում փոխանցումները պահանջում էին և՛ BIC, և՛ IBAN։ Սակայն 2016-02-01-ից հետո միայն IBAN-ն է անհրաժեշտ (Եվրամիություն և որոշ այլ երկրներ)[18]։
Միջազգային փոխանցումները Հայաստանի բանկերում իրականացվում են արտասահմանյան բանկերում ունեցած թղթակցային հաշիվների միջոցով` հիմնականում SWIFT հեռահաղորդակցման համակարգով: Հայաստանի Հանրապետության այն բանկերը, որոնք չունեն թղթակցային հարաբերություններ արտասահմանյան բանկերի հետ, իրենց արտասահմանյան վճարումներն իրականացնում են վերոհիշյալ բանկերի միջոցով` օգտագործելով վերջիններիս արտարժութային հաշիվները արտասահմանյան բանկերում: Տնտեսվարող սուբյեկտների միջազգային փոխանցումները հիմնականում կատարվում են ավանդական բանկային փոխանցումների միջոցով, մինչդեռ ֆիզիկական անձանց փոխանցումները արտասահման և արտասահմանից ստացումները հիմնականում կատարվում են Հայաստանի Հանրապետությունում ներկայումս լայն տարածում գտած առանց հաշվի բացման դրամական (փողային) փոխանցումների իրականացման մի շարք համակարգերի միջոցով[19]:
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիզնեսի նույնականացուցման կոդերը հիմնականում օգտագործվում են ֆինանսական և ոչ ֆինանսական հաստատությունները նույնականացնելու համար, որոնք ներառում են մեկ կամ մի քանի հաստատությունների միջև գործարքների ցիկլում առօրյա գործարար գործարքներ[20]:
Օրինակ՝ SWIFT հաղորդագրություններում այս կոդերը ներդրված են հաղորդագրությունների մեջ: Դիտարկենք MT103 դրամական փոխանցման հաղորդագրության տեսակը, այստեղ մենք կարող ենք գտնել բիզնեսի նույնականացուցման կոդերը տարբեր պիտակների ներքո, ինչպիսիք են՝ 50a (պատվիրատու հաճախորդ), 56a (միջնորդ), 57a (հաստատության հետ հաշիվ) և այլն:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բանկային հաշիվ
- Միջազգային բանկային հաշվեհամար (IBAN)
- Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպություն (SWIFT)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ISO 9362:2014». ISO. 2020 թ․ փետրվարի 28. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «SWIFT - SwiftRef Factsheet BICPlus, June 2017». swift.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Solutions to meet any financial industry challenge». SWIFT - The global provider of secure financial messaging services.
- ↑ «ISO 9362:1994». ISO. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Deutsche Bundesbank - Unbarer Zahlungsverkehr» (գերմաներեն). Bundesbank.de. 2013 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «ISO 9362:1987». ISO (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «ISO 9362:1994». ISO (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «ISO 9362:2009». ISO (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «ISO 9362:2014». ISO (անգլերեն). 2020 թ․ փետրվարի 28. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «ISO 9362:2022». ISO (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «What is a SWIFT Code? | Tipalti». tipalti.com (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2025 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Deutsche Bank SWIFT codes in Germany». Wise (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «NEDSZAJJ XXX BIC / SWIFT Code - NEDBANK LIMITED South Africa». Wise (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «DABADKKK XXX BIC / SWIFT Code - DANSKE BANK A/S Denmark». Wise (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «UNCRITMM XXX BIC / SWIFT Code - UNICREDIT S.P.A. Italy». Wise (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «DSBACNBX XXX BIC / SWIFT Code - DAH SING BANK (CHINA) LIMITED China». Wise (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «BDO Unibank SWIFT codes in the Philippines». Wise (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Full SEPA (Single Euro Payments Area) Migration - Frequently Asked Questions». European Commission - European Commission. Վերցված է 2025 թ․ մայիսի 1-ին.
- ↑ www.cba.am https://www.cba.am/am/sitepages/pspsremittancesystems.aspx. Վերցված է 2025 թ․ մայիսի 1-ին.
{{cite web}}: Missing or empty|title=(օգնություն) - ↑ «https://www.swift.com/ru/node/301371».
{{cite web}}: External link in(օգնություն)|title=